Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության այցը Մոսկվա
Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության այցը Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ից ապրիլի 3-ը Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը պաշտոնական այցով Մոսկվայում էր:
Պատվիրակությունը գլխավորում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Պատվիրակության կազմում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Մեսրոպ Մակյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Դավիթ Ղուլյանը:
Մարտի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը:
Երկու երկրների դատական իշխանությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի դատական համակարգերի արդյունավետ փոխգործակցության և զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Կողմերի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում:
Ի նշանավորումն երկու երկրների դատական իշխանությունների միջև ջերմ գործընկերական փոխհարաբերությունների հաստատման՝ Ռուբեն Վարդազարյանը ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևին է փոխանցել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդանիշը և գրառում կատարել ՌԴ Գերագույն դատարանի Պատվո հուշամատյանում:
Երկու երկրների դատական իշխանությունների փոխգործակցության ամրապնդման նպատակով հայկական պատվիրակությունը ՌԴ մայրաքաղաք կատարած այցի շրջանակում աշխատանքային ու գործընկերական հանդիպումներ է ունեցել ՌԴ դատական իշխանության և հանրային շերտի ներկայացուցիչների հետ ևս:
Մասնավորապես, այցի հաջորդ օրը, Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը:
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչները ծանոթացել են Մոսկվայի Արբիտրաժային դատարանի կառուցվածքին, ինչպես նաև գործունեության առանձնահատկություններին:
Այցի շրջանակում կայացել է հանդիպում և մասնագիտական քննարկում Մոսկվայի Արբիտրաժային դատարանի ներկայացուցիչների հետ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը քննարկել են երկու պետությունների մասնագիտական դատարանների փոխգործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած այցի շրջանակում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ Գերագույն դատարանին կից գործող Դատական դեպարտամենտում:
Հայկական պատվիրակությանն ընդունել է դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Գուսևը: Գերագույն դատարանի Դատական դեպարտամենտի ղեկավար կազմը հայկական պատվիրակությանը հանգամանալից ներկայացրել է իրենց կառույցի առանձնահատկությունները, կառուցվածքը, սպասարկման ճյուղերը, մասնավորապես՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման գործիքակազմը, դատավորների ծանրաբեռնվածության խնդիրների լուծման իրենց ուղիները, դատարանների նյութատեխնիկական ապահովման և սպասարկման հնարավորությունները, կառույցի արդյունավետ գործունեությունն ապահովող օրենսդրական կառուցակարգերը:
Հանդիպումից հետո հայկական պատվիրակության համար կազմակերպվել է ռուսական դատական մշակույթի ուշագրավ ներկայացում՝ ՌԴ Գերագույն դատարանի թանգարանում:
Մոսկովյան այցի ընթացքում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ:
Միջոցառումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիան:
Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Այնուհետև նախաձեռնությունը ողջունել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Հանդիպան ընթացքում քննարկվել է մասնագիտական բնույթի հարցերի լայն շրջանակ, կողմերը փոխանակվել են ոլորտին վերաբերող տեղեկատվությամբ:
Մոսկվայում աշխատող հայ իրավաբանները մասնավորապես հետաքրքրվել են ՀՀ դատական համակարգի պրակտիկայով, անդրադարձել Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման խնդիրներին և մտքեր փոխանակել հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ:
Հայկական պատվիրակության ղեկավարն ու անդամները սպառիչ պատասխաններ են տվել մոսկվայաբնակ իրավաբաններին հետաքրքրող բոլոր հարցերին:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել են նաև Մոսկվայի քաղաքային դատարանում:
Այցը կրել է ճանաչողական բնույթ: Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը հայ գործընկերներին ներկայացրել է դատարանի կառուցվածքը, դատավորների ծանրաբեռնվածության ցուցանիշները: Հայ և ռուս գործընկերները մտքեր են փոխանակել երկու երկրների մայրաքաղաքային դատարանների գործունեության առանձնահատկությունների և ընդհանրությունների, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձի, մասնավորապես՝ պանդեմիայի պայմաններում էլեկտրոնային արդարադատության կիրառման ծավալների և արդյունավետության վերաբերյալ:
Հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է բարեկամ երկրների դատական համակարգերի միջև նորովի ձևավորվող փոխգործակցության կարևորությունը և վստահություն հայտնել, որ լավագույն և առաջադեմ փորձի փոխանակումը միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա դատական ինստիտուտների բարեփոխման և կատարելագործման ճանապարհին:
Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչները հաջորդ օրն արդեն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ:
Կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները:
Ռուս մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են Մոսկվայի քաղաքային դատարանի ֆունկցիոնալ կառավարման խնդիրները, կիսվել իրենց փորձով: Հատկապես կարևորվել է այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են.
- էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը,
- դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին,
- արդարադատության համակարգային մշտադիտարկմանը,
- արդարադատության ծախսատարության կրճատմանը:
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են Էլեկտրոնային արդարադատության համակարգի նորացված ծրագրային ուղղություններով ՀՀ դատական համակարգում, մասնավորապես՝ Երևան քաղաքի դատարանում կատարված աշխատանքը: Ռուս գործընկերների հետ քննարկվել են էլեկտրոնային հայցադիմումների, ծանուցման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման և դատավարական այլ գործընթացների ավտոմատացման հայեցակարգի գործիքակազմերն ու դրանց ներդրման առանձնահատկությունները:
ՌԴ մայրաքաղաք Մոսկվա կատարած այցի ավարտին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի տաճարային համալիր:
Պատվիրակությանը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջույնի և օրհնանքի խոսքեր հղել հյուրերին:
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն այցելել են Տիրոջ Պայծառակերպության տաճար, աղոթել հայրենիքի խաղաղության և բարգավաճման համար և մոմ վառել: