ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Միաժամանակ ամրագրվել է, որ դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ գլխի դրույթներով ամրագրվել է, որ Դատավորների ընդհանուր ժողովը դատավորների ինքնակառավարման մարմին է։
Դատավորների ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Դատավորների ընդհանուր ժողովի անդամներ են:
Որպես դատավորների ինքնակառավարման մարմին՝ Դատավորների ընդհանուր ժողովը կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված Հայաստանի Հանրապետության դատարանների՝ ի դեմս դատավորների գործունեության արդյունավետ իրականացումը:
Հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ Ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ Ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Նախաձեռնողն առաջարկում է օրակարգում ընդգրկվող հարցը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածով ամրագրվել են Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական գործառույթները:
Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական լիազորություններից է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրությունը:
Դատավորների ընդհանուր ժողովի կարևոր լիազորությունների է նաև Էթիկայի և կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ ձևավորումը:
Յուրաքանչյուր հանձնաժողով իր դատավոր անդամների կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:
Գործառույթներ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական գործառույթները.
Դատավորների ընդհանուր ժողովը.
1) քննարկում և Բարձրագույն դատական խորհուրդ և այլ իրավասու պետական մարմիններ է ներկայացնում դատարանների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.
2) ձևավորում է Էթիկայի և կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ և իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար՝ աշխատանքային խմբեր.
3) հաստատում է իր, հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև աշխատանքային խմբերի գործունեության կարգը.
4) ընտրում և առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները.
5) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին.
6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը.
7) սահմանում է դատավորի էթիկայի կանոնները.
8) քննարկում է դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը.
9) իրականացնում է այլ գործառույթներ: