ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳ...

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 30․06.2025թ. «Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման անհրաժեշտության մասին» թիվ ԲԴԽ-46-Ո-93 որոշումը, որով արձանագրվել է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինն առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման համալրելու անհրաժեշտություն և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 95-րդ հոդվածի 4-րդ մասով՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինն առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման համալրելու նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-ից 60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք, եթե՝

1) ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

3) տիրապետում են հայերենին.

4) ունեն անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակի իմացություն:

5) միայն իրավագիտության բակալավրի աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, իսկ իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.

6) առկա չեն դատավոր նշանակվելու՝ Օրենքի 112-րդ հոդվածի 1-ին և 1.1-րդ մասերով նախատեսված սահմանափակումները:

Հավակնորդը որակավորման ստուգման նպատակով Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17 Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք)՝ առձեռն ներկայացնում է` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտ (ԲԴԽ-19-Ո-39 որոշում)

Հայտին կից ներկայացվում են`

1) անձը հաստատող փաստաթղթի, նույնականացման քարտի պատճենները և էլեկտրոնային փոստի հասցեն (ներկայացնել նաև փաստաթղթի բնօրինակը,

2) հինգ գունավոր լուսանկար 3 x 4 չափսի,

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ,

4) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն դիմողի դատվածության և սնանկության կամ դրանց բացակայության մասին,

5) իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճեն/պատճենները (ներկայացնել նաև փաստաթղթի բնօրինակը),

6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճեն (ներկայացնել նաև փաստաթղթի բնօրինակը),

7) պահանջվող օտար լեզուների՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ (թիվ ԲԴԽ-39-Ո-92 որոշում, թիվ ԲԴԽ-25-Ո-57 փոփ. որոշում), բացառությամբ, եթե հավակնորդը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտ ներկայացնելու պահին ունի միայն ռուսաց լեզվի ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքի իմացություն, ապա պարտավորվում է մինչև Արդարադատության ակադեմիայում ուսուցման ավարտը ներկայացնել Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված այլ լեզվի իմացության վերաբերյալ համապատասխան ապացույցը, հակառակ դեպքում նա չի ներառվում դատավորների թեկնածուների ցուցակում,

8) պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր,

9) արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն (ներկայացնել նաև փաստաթղթի բնօրինակը),

10) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ (Կառավարության 30.05.2019թ. թիվ 685-Ն որոշում),

11) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևով համաձայնություն (թիվ ԲԴԽ-19-Ո-40 որոշում)՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, հավակնորդին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող և այլ տեղեկություններ ստանալու մասին,

12) առավելագույնը երեք երաշխավորագիր-նամակ՝ ըստ հավակնորդի ցանկության,

13) օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիր,

14)բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ https://drive.google.com/drive/folders/1Je31dza1XylOsB8tEYd-srrCsNDrVFYb

15) գրավոր հայտարարություն հայտում առկա տեղեկությունների և կից ներկայացված փաստաթղթերի հավաստիության մասին,

16) միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ փաստաթուղթ:

Հավակնորդ դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննիչը, օպերլիազորը, փաստաբանը կամ նախկին դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննիչը, օպերլիազորը, փաստաբանը ի թիվս վերը նշված փաստաթղթերի պարտավոր է ներկայացնել նաև Օրենքի 112-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված վերջին երեք տարվա ընթացքում խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:

Իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող հավակնորդը հայտին՝ ի թիվս Օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի, կցում է նաև գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք որակավորման  ստուգմանը մասնակցելու համար ներկայացնում են դիմում, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ և օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիր:

Առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար ներկայացնում են դիմում՝ կցելով միայն բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի օգոստոսի 4-ն է:

Փաստաթղթերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն:

Որակավորման գրավոր քննության ժամանակի և վայրի մասին հայտարարությունը, ինչպես նաև գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակը կհրապարակվի հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական www.court.am կայքում` որակավորման գրավոր քննության օրվանից առնվազն 10 օր առաջ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին:

Հիշեցում՝

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝

Հ/Հ՝ 900005163671

Բանկ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.

Ստացող՝ ՀՀ պետական բյուջե.

Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Դատավորներին և

թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն (հեռ՝ (010) 511-816, 511-786):