Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-3-Ո-9 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                          ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

                                        ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

                                                ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

                                                                                 ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

             «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:

             Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նաև դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը, համապատասխան մասնագիտացման դատավորների առկա և կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը և այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում, կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:

            Օրենքի 110.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին, որի դեպքում անձն ընդգրկվում է դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում ուսուցում անցնելու:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 95-րդ հոդվածի 2-րդ մասը և 110.1-ին հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

      1. Արձանագրել, որ առկա է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը, առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման, համալրելու նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտություն:

      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                 

               2023թ. հունվարի 16

                       ք. Երևան