Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-14-Ո-54 ՈՐՈՇՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի՝ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի՝ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԻՎ ԱԽ-7-Ո-12 ՈՐՈՇՈՒՄԸ ՉՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը (այսուհետ նաև՝ Դիմող) 08.02.2019թ. դիմումով Բարձրագույն դատական խորհրդին խնդրել է քննության առնել և վերանայել Արդարադատության խորհրդի կողմից իր նկատմամբ 2013թ. փետրվարի 28-ին կայացված՝ «Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-7-Ո-12 որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում):

Դատավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ Որոշմամբ իրեն հայտարարվել է նկատողություն, որը զուգորդվել է վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: Ըստ Դիմողի՝ այս հանգամանքը բովանդակում է միջամտություն՝ իր սեփականության իրավունքին, ուստի ինքը պետք է հնարավորություն ունենա դատական կարգով վիճարկելու նշված որոշումը: Ի հիմնավորումն իր դիրքորոշման, Դիմողը վկայակոչում է նաև ՀՀ գլխավոր դատախազությունից՝ իր նամակի հիման վրա ստացված գրության բովանդակությունը, որով հայտնվել է հետևյալը. «2011-2018 թվականների ընթացքում ՀՀ դատարանների կողմից մեղադրող դատախազների նկատմամբ Ձեր գրության մեջ նշված պատճառաբանությամբ (Մեղադրողի կողմից դատարանին նախապես տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի մոտ կամ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ վերադաս դատախազի մոտ մասնակցելու է կոնկրետ քրեական գործի քննարկմանը և այդ պատճառով չի կարող մասնակցել դատարանում քննվող քրեական գործով անցկացվող դատական նիստին և դատական նիստը մեղադրողի բացակայության պատճառով հետաձգվել է) դատական սանկցիա չի կիրառվել»:

Արդյունքում Դիմողը խնդրել է վերանայել Որոշումը և վերականգնել իր խախտված իրավունքները:

Ուսումնասիրելով դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ բացակայում են Որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը` հետևյալ պատճառաբանությամբ.

Դատավորին կարգապա­հա­կան պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով  կանոնակարգված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենս­գիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածով: Մասնավորապես, Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը սպառիչ թվարկում են այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում է միայն հնարավոր նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման վերանայումը: Նույն հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերանայման պայմանները:

Այսպես, Օրենսգրքի 157-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմում ներկայացրած անձը: Իրավական այս պահանջից բխում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերանայման հիմքի հստակ մատնանշում և հիմնավորում, այսինքն՝ Դիմողն առաջին հերթին պետք է մատնանշի, թե Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված հիմքերից որն է դիտարկվում որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերանայման հիմք: Դրանից բացի, պետք է ապացուցի այդ հիմքի առկայությունը:

Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանում բացակայում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերանայման՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանը: Այսպես, դիմումում  ընդհանրական կերպով է նշված նոր երևան եկած հանգամանքով Որոշման վերանայման մասին՝ առանց հստակեցնելու, թե օրենսդրությամբ նախատեսված նոր երևան եկած հանգամանքներից կոնկրետ որին են վերաբերում իր կողմից ներկայացված փաստարկները: Այս փաստարկների համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ Դիմողի կողմից վկայակոչված՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրությունը՝ որպես ապացույց դիտարկելու հարցին չի կարող անդրադառնալ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Որոշմամբ դատավոր Ա. Խաչատրյանի նկատմամբ հայտարարված նկատողությունը զուգորդվել է վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատավորը ոչ թե պետք է օրենսդրական ակտի ոչ իրավաչափության վերաբերյալ իր փաստարկ­ները ներկայացնի Բարձրագույն դատական խորհուրդ, այլ այն սահմանված կարգով վիճարկի Սահմա­նադրական դատարանում:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածով և 157-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

  1. Չվերանայել Արդարադատության խորհրդի կողմից 2013 թվականի փետրվարի 28-ին կայացված՝ «Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-7-Ո-12 որոշումը, քանի որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ 

 ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ   Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  

2019թ. մարտի 4

  ք. Երևան