ԲԴԽ-44-ԱՈ-30 ՈՐՈՇՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Պ Ա Ր Զ Ե Ց.
Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ ԲԴԽ-36-Ո-84 որոշմամբ 2019 թվականի մայիսի 24-ից դադարած են համարվել Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի լիազորությունները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:
Ելնելով վերոգրյալ իրավակարգավորումներից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս Բարձրագույն դատական խորհրդում առկա են անդամների թվով 4 թափուր տեղեր, որոնք ենթակա են համալրման համապատասխանաբար Ազգային ժողովի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որպիսի պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունը հնարավոր չէ անցկացնել Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցին անդրադառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2019թ. հունիսի 27
ք. Երևան