Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-26-Ո-41 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

                                                                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                                             ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ

                                                            ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` երկուսով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հերթական համալրման անհրաժեշտության մասին հայտարարություն տալը դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացման դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված քանակով: Եթե դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացման դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապատասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում:

Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտած դատավորների թեկնածուների հավակնորդներին ներառում է դատավորների թեկնածուների ցուցակներում` ըստ համապատասխան մասնագիտացումների:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 10-ի թիվ ԲԴԽ-12-Ո-14 որոշմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված են քաղաքացիական մասնագիտացման թեկնածուներից 2-ը, քրեական մասնագիտացման թեկնածուներից 3-ը, ուստի նրանք, որպես դատավորի թեկնածուներ, դեռևս պետք է ուսուցում անցնեն Արդարադատության ակադեմիայում, ուստի չեն կարող ընդգրկվել Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվելիք հաշվարկում:

Ներկայումս գործող դատավորների թեկնածուների ցուցակում, ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների, առկա են քաղաքացիական մասնագիտացման բաժնում` 14 թեկնածու, քրեական մասնագիտացման բաժնում` 0 թեկնածու, վարչական մասնագիտացման բաժնում` 6 թեկնածու:

Հարկ է նշել, որ առաջին ատյանի դատարաններում առաջիկա երկու տարում թոշակի է անցնելու քաղաքացիական գործեր քննող 6, քրեական գործեր քննող 3 և վարչական գործեր քննող 0 դատավոր: Բացի այդ, ներկա պահին առաջին ատյանի դատարաններում առկա են դատավորի 6 թափուր հաստիք, որից 1-ը՝ քաղաքացիական, 5-ը՝ քրեական մասնագիտացման:

Ամփոփելով վերոգրյալը` Խորհուրդն արձանագրում է, որ 26.04.2021-26.04.2023թթ. առաջին ատյանի դատարաններում կանխատեսվում է դատավորի 9 թափուր հաստիքի առաջացում:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում առկա թեկնածուների քանակը գերազանցում է հաջորդ երկու տարում կանխատեսվող թափուր հաստիքների քանակը, ուստի անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակի միայն քրեական մասնագիտացման բաժինը:

Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում՝ երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

Վերոգրյալի արդյունքում անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրել 15 թեկնածուով՝ հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

- քրեական մասնագիտացում - (5 /ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակ/ + 1 /2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 1 /2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 1 /2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 7 / Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/) – 0 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/):

    Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 95-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

      1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`

  •  քրեական մասնագիտացման բաժին` տասնհինգ (15) թեկնածու:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

      ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

      ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                 

               2021թ. ապրիլի 26

                      ք. Երևան