Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին

Անկախ պետութունների համագործակցության գերագույն դատարանների խորհրդի  առաջին նիստն անցկացվել է Երևանում, որի նախագահությունը ստանձնել էր Հայաստանը։

Ողջույնի խոսքում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը նշել է, որ այս հանդիպումը Հայաստանում անցկացնելը մեծ պատիվ է և հնարավորություն ԱՊՀ պետությունների միջև իրավական համագործակցությանը նոր որակներ հաղորդելու և նոր ձեռքբերումներ գրանցելու համար:   

«Այս  հանդիպման  ընձեռնած հնարավորությունից  օգտվելով՝ ուզում եմ ընդգծել, որ այն անմիջական ներդրում կունենա ԱՊՀ պետությունների միջև համագործակցության պատմության մեջ, ինչպես նաև հիմք կհանդիսանա նոր փոխհարաբերությունների ձևավորման համար:

Վստահ եմ,  որ  արդեն  այս  տարիների ընթացքում կազմավորված որոշակի փոխգործակցության ուղիները և ԱՊՀ մասնակից երկրների՝ տարբեր ոլորտներում ձեռք բերված լավագույն փորձն անհրաժեշտ և արդյունավետ կլինի նոր կառույցի ձևավորման  համար:

Ողջունելով և բարձր գնահատելով այօրվա միջոցառումը՝  հույս  ունեմ, որ այս նիստը հարթակ կհանդիսանա ԱՊՀ մասնակից երկրների գերագույն դատարանների նախագահների միջև բարյացակամ համագործակցության և պրոֆեսիոնալ   քննարկման  համար»,- իր խոսքում ընդգծել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը: 

Նիստը նախագահել է Վճռաբեկ դտարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, նիստին ներկա են եղել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, դատական իշխանության ներկայացուցիչներ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի դատավորներ, Դատական դեպարտամենտի և Արդարադատության ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։