ՀՀ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՐԿՈՒ ԴԻՄՈՒՄ
2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ սույն թվականի դեկտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:
Արդյունքում, ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2018 թ. դեկտեմբերի 9-ին ստացվել է 2 դիմում, որոնցից մեկը վերաբերել է դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող քաղաքացու անձնագիրը տրամադրելուն, իսկ մյուսը՝ անձնագիրը քրեական գործում գտնվելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք տրամադրելուն:
Մասնավորապես՝
1. ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմումով պահանջվել է տրամադրել քրեական գործում գտնվող անձնագիրը, որը դատարանի կողմից բավարարվել է:
2. ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմումով պահանջվել է տրամադրել տեղեկանք քաղաքացու անձնագիրը քրեական գործում գտնվելու վերաբերյալ, որի կապակցությամբ դատարանի աշխատակազմի կողմից կազմվել և քաղաքացուն է տրամադրվել տեղեկանք՝ այն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանում ներկայացնելու, անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ ստանալու և ընտրական իրավունքն իրացնելու նպատակով: