Փարիզում՝ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին, բարձր է գնահատվել Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջընթացը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անահիտ Աբրահամյանն Արդարադատության նախարարության պատվիրակության կազմում երկօրյա այցով Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։

Նիստերի շրջանակում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը՝ ստանձնած հանձնառությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների համատեքստում։

Զեկույցը հիմնականում վերաբերում է Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում պետական և մասնավոր ոլորտներում իրականացված նախորդ երկու տարիների բարեփոխումներին։

Զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարվել նաև դատական իշխանության համակարգին և անկախության երաշխիքներին:

Նիստի կազմակերպիչները բարձր են գնահատել հայ պատվիրակների ներկայացրած աշխատանքները՝ համոզմունք հայտնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրենց ներկայացրած առաջարկները իրագործելի կդառնան՝ ի նպաստ եվրոպական չափանիշներին Հայաստանի ինտեգրման։